ԵՄ-ն մնում է Հայաստանի հետ համագործակցող կազմակերպություն. Տրայան Հրիսթեա
«Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան» թեմայով այսօր տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ ԵՄ-ն հաշվի է առնում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը և շարունակելու է մնալ Հայաստանի հետ համագործակցող կազմակերպություն:
«Հայաստանի հետ արդեն վավերացվել է հետընդունման համաձայնագիր։ Եվրամիությունը հաշվի առավ Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությունը, չնայած, որ ամիսներ առաջ համաձայնության էին եկել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ»,- ասաց նա և շարունակեց. «Մյուս կողմից ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին մարդու իրավունքների հարցում: Մենք ցանկանում ենք ապահովել, որ քաղաքացիների ձայնը լսելի դառնա»:
Դեսպանի վստահեցմամբ՝ ԵՄ-ն մնում է Հայաստանի հետ համագործակցող կազմակերպություն, և Վիլնյուսից հետո փորձելու են գտնել համագործակցության ուղիներ:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 29-ին կայանալիք գագաթաժողովին, Տրայան Հրիսթեան նշեց, որ Վիլնյուսը շուտով ընդունելու է գագաթաժողովը, որը նվիրված է լինելու Արևելյան գործընկերությանը: «Այս գագաթաժողովների ընթացքում քննարկվում է հաջորդ երկու տարիների գործողությունների ընթացը: Եվ Վիլնյուսի գագաթաժողովը պետք է արձանագրի կարևոր առաջընթացներ մեր գործընկերների հետ համագործակցության հարցում»,-ասաց նա և հաջողություն մաղթեց քննարկման հետագա ընթացքին:










