Արթուր Օսիկյանն ընդունել է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությանը

12:29 • 22.11.13

Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:


Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը համակողմանիորեն ներկայացրել է ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:


Մասնավորապես, անդրադարձ է արվել ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանն ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքներին, կատարված օրենսդրական փոփոխություններին։


ՀՀ փոխոստիկանապետը նաև պարզաբանումներ է տրել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների և պարտականությունների վերաբերյալ, ներկայացրել ՀՀ ոստիկանության համակարգում արդեն իսկ գործող կարգապահական հանձնաժողովի կազմավորման և գործունեության իրավական հիմքերն ու հանձնաժողովին վերապահված գործառույթները:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: