Սփյուռքում Նախախորհրդարանին արդեն ճանաչում և սատարում են. անդամներն ամփոփեցին աշխատանքները

13:20 • 22.11.13

Նախախորհրդարանի նախագահության անդամ Գարեգին Չուքասզյանն այսօր կայացած ասուլիսին ամփոփ ներկայացնելով վերջին շրջանում իրենց գործունեությունը՝ հայտարարեց, որ Հայաստանում առկա է պետականությունը վտանգող գլոբալ ճգնաժամ, որի հաղթահարման պայման համարեց արդյունավետ կառավարման ծրագրի մշակումը:

 

«Մեր գործողությունների առաջին փուլը մինչև նախագահական չընտրությունների անցկացումն էր, երբ սկսեցինք ռազմավարական հայեցակարգի մշակման աշխատանքները: Երկրորդ փուլում մենք համագործակցեցինք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն մեր հույսերը չարդարացան, բայց մենք միացել էինք ընդվզող ժողովրդին: Հաջորդ փուլում մենք սկսեցինք երթեր և հանրահավաքներ անցկացնել, տեղեկացնել մարդկանց մեր ծրագրերի մասին: Իսկ չորրորդ փուլը սկսվեց սեպտեմբերի 3-ից»,-ասաց նա:

 

Ամփոփելով աշխատանքի արդյունքները՝ Գարեգին Չուքասզյանը մատնանշեց իրենց կողմից մշակված «Նոր որակի պետության ձևավորման ռազմավարական հայեցակարգը». «Ըստ մեզ՝ սա այն անհրաժեշտ աշխատանքն է, առանց որի երկրում համակարգային փոփոխություններ իրականացվել չի կարող: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք չունենք պետություն, մենք ունենք դեկորատիվ մի բան: Իրականում մենք գործ ունենք նոր գաղութային իրավիճակի հետ»:

 

Խոսվեց նաև երկրում առկա խնդիրները լուծելու համար այլ քաղաքական ուժերի, ինչպես նաև իշխանությունների հետ համագործակցելու մասին: Գարեգին Չուքասզյանը խեղկատակություն որակեց հատկապես իշխանությունների հետ համագործակցելը. «Այն կերպարները, որոնք ներկայացնում են այդ իշխանությունները, ցույց են տալիս, թե ինչպես է իրականում իշխանությունը որոշումներ կայացնում երկրում: Նրանց հետ որևէ ձևով քաղաքական երկխոսություններ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է մյուս ուժերին, նրանք նույնպես ծանր վիճակում են հայտնվել, իսկ ընդդիմադիր գործիչների մեջ կան մարդիկ, որոնց հետ մենք շարունակում ենք համագործակցել»:

 

Հանրային իրազեկման գործում առաջընթացի հարցում Գարեգին Չուքասզյանը որպես օրինակ նշեց, որ կա Facebook-ի խմբի անդամների աճ՝ Նախախորհրդարանի խումբն ամենակտիվներից մեկն է, կան նաև օֆլայն՝ համացանցից դուրս ակտիվություններ: «Մենք չունենք այն հզոր լծակը, որը կոչվում է հեռուստատեսություն, սակայն մենք արդեն կարող ենք ասել, որ Նախախորհրդարանին արդեն ճանաչում են նաև սփյուռքում և սատարում են»,-ասաց նա:

 

Ասուլիսին ներկա Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը նույնպես նշեց, որ շատ ուրախալի հանգամանք է Նախախորհրդարանի հայտարարած ազատագրական պայքարին սփյուռքահայերի արձագանքն ու սատարումը:

 

Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանն էլ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ից Նախախորհրդարանը սկսում է «Ազատագրենք Հայաստանը» խորագրով շաբաթական երթեր: