Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները հաջողությամբ զարգանում են. Պուտին

13:12 • 22.11.13

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ռուս առաջնորդը ողջունել է Թուրքիայի կառավարության ղեկավարի այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ այսօր տեղի է ունենալու երկու երկրների բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի նիստը։

«Ի դեպ, առանց մեր ուղղակի մասնակցության էլ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են»,-ասել է Պուտինը։

 

Նա հույս է հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի այդ գործընթացին։

 

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս այսօրվա բանակցություններին։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում առկա արդիական հարցերը։

«Ես հավատում եմ, որ կան քայլեր, որոնք մենք պետք է համատեղ իրականացնենք»,-ասել է Էրդողանը։

Ավելի ուշ բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։