Տաջիկ կանայք պահանջում են իրենց ամուսիններին արտաքսել Ռուսաստանից
Տաջիկստանում մի խումբ կանայք դիմել են երկրի միգրացիոն ծառայություններին և Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ պահանջելով ՌԴ-ից արտաքսել իրենց ամուսիններին և եղբայրներին, որոնք երկար ժամանակ գտնվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։
«Լսել եմ՝ նա այնտեղ ամուսնացել է։ Իր երեխաներին գումար չի ուղարկում, թող նրան արտաքսեն։ Հնարավոր է՝ դա կստիպի նրան վերադառնալ իր երեխաների մոտ»,-հայտարարել է Դուշանբեի բնակչուհի Մոխու Խոլովան։
Եղբորը Ռուսաստանից արտաքսելու պահանջով դիմել է նաև Տոչինիսո Խոշոմովան. նրա եղբայրը Ռուսաստանում է արդեն 8 տարի։ Նա կապ չի պահում հարազատների հետ և գումար չի ուղարկում։
«Մենք ցանկանում ենք, որ նրան վտարեն Ռուսաստանից»,-ասել է նա՝ հավելելով, որ ծնողներն անհանգստանում են և կասկածում՝ արդյոք նա ո՞ղջ է։
Տաջիկստանի միգրացիոն ծառայությունը հաստատել է, որ մի խումբ կանայք դիմել են իրենց՝ խնդրելով վերադարձնել իրենց հարազատներին, սակայն իրենք նման լիազորություն չունեն։
Ծառայության մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ամեն ամիս իրենց դիմում է միջինը 15 կին՝ խնդրելով Ռուսաստանից վտարել իրենց որդիներին, ամուսիններին կամ եղբայրներին։










