Յանուկովիչը ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելը բացատրել է Ռուսաստանի կողմից շանտաժով
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Ուկրաինան կասեցրել է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման և շանտաժի պատճառով, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով BNS-ին։
«Ուկրաինան չկարողացավ դիմակայել տնտեսական ճնշմանը և շանտաժին։ Նրան սպառնացել են սահմանափակել ապրանքների ներմուծումը Ռուսաստան, հատկապես Արևելյան Ուկրաինայի ընկերությունների, որտեղ կենտրոնացած է արդյունաբերության հիմնական մասը և որտեղ աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ։ Ենթադրվում է, որ Ուկրաինան միլիարդավոր վնասներ կկրի։ Նման պատճառներ է նշել Յանուկովիչը Լիտվայի նախագահի հետ հեռախոսազրույցում»,- նշել է Լիտվայի նախագահի խորհրդական Յովիտա Նյալյուպշենեն։
Նա հավելել է, որ այն միությունները, որոնք ստեղծվում են Ռուսաստանի կողմից կիրառվող ոչ քաղաքակիրթ ճնշման եղանակով, չեն կարող երկարատև լինել։










