Հրապարակվել են Զումայի նստավայրի լուսանկարները՝ չնայած արգելքին
Հարավաֆրիկյան Հանրապետության թերթերը հրապարակել են երկրի նախագահ Ջեյքոբ Զումայի նստավայրի լուսանկարները՝ անտեսելով կառավարության նախազգուշացումները, որ դա կդիտվի որպես անվտանգության միջոցների մասին օրենսդրության խախտում, հաղորդում է BBC-ն:
«Նկանդլա» նստավայրը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ պարզվել է, որ դրա վերանորոգման համար երկրի իշխանությունները հարկատուների միջոցներից ծախսել են մոտ 19 միլիոն դոլար:
Իշխանությունների ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ յուրաքանչյուր ոք, որը կհրապարակի Զումայի նստավայրի լուսանկարներ կամ տեսանյութեր, կձերբակալվի:
Times թերթը լույս է տեսել «Դե, ձերբակալեք մեզ» վերնագրով, որին կից տեղադրվել է դարպասներով շրջապատված սպիտակ քարից շենքերի խմբի լուսանկարը:
Star-ը հրապարակել է նստավայրի՝ կարմիր գույնով ջնջված լուսանկարը՝ «Մի նայեք: Նախարարները չեն ցանկանում, որ դուք տեսնեք դա» գրությամբ:










