Ադրբեջանում ձերբակալվել են հանցավոր խմբավորման անդամներ, որոնք ցանկացել են մզկիթ պայթեցնել

12:37 • 23.11.13

Ադրբեջանի հատուկ ծառայությունները վնասազերծել են հանցավոր խմբավորման երկու անդամի, որոնք պատրաստվում էին պայթեցնել մայրաքաղաքի մզկիթներից մեկը։ Այդ մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը հղումով։

 

Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Նարիման Միրզոևը և Միրզահմեդ Ռուստամովը, որոնց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչություն նախապատրաստելու և զենք-զինամթերք պահելու և կրելու համար։

 

Նշվում է, որ Միրզոևն ու Ռուստամովը սոցիալական ցանցերում Ադրբեջանում շիաների դեմ ջիհադ իրականացնելու և Բաքվի «Մեշեդի դադաշ» մզկիթի մոլլային սպանելու վերաբերյալ կոչեր են հնչեցրել։


Խմբավորման անդամները նախատեսում էին պայթեցնել մզկիթը, որտեղ ավանդաբար հավաքվում են հավատացյալ շիաները։
 

Նրանց խուզարկության ընթացքում առգրավվել է զգալի քանակությամբ զենք-զինամթերք։

«Շարունակվում են օպերատիվ-քննչական աշխատանքները՝ հակաօրինական գործողությունների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։