ՌԴ-ում հայ «օրենքով գող» է ձերբակալվել
ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցներն Ուդմուրտիայի Հանրապետությունում ձերբակալել են 32-ամյա «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գևորիկ Նեֆթեկամսկի։
Ինչպես տեղեկացնում է Прайм крайм կայքը, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3.95 գրամ «խինոլին» տեսակի թմրանյութ, ինչը խոշոր չափ է համարվում և պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով։
Ազգությամբ հայ Գևորգ Գրիգորյանը, որը նախկինում ազատազրկված է եղել խարդախության համար, «թագադրվել» է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կլանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին։ Նա համարվում է «օրենքով գող» Իգոր Մոլոդցովի վստահելի անձանցից։
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հոկտեմբերին Մոսկվայի հյուսիսում գտնվող սրճարաններից մեկում Գևորիկի և Ահմեդ Եվլոևի (Սուտուլի) գողական կլանի միջև բախում էր տեղի ունեցել, ինչի ընթացքում Գրիգորյանը ծեծի էր ենթարկվել։ Դրանից հետո Գևորիկն ակտիվություն չէր ցուցաբերել, և հաշվեհարդար չէր տեսել։
Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա հաշվեհարդար տեսնելու նրա հնարավորությունը ոչ շուտ տեղի կունենա, գրում է կայքը։










