Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողները կփորձեն օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստները դիմել են որոշ ընդդիմադիր պատգամավորների՝ օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար, քանի որ, նրանց պնդմամբ, նրանում հակասահմանադրական մի շարք կետեր կան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հարություն Աղամալյանը ներկայացրեց հակասահմանադրական կետերից մի քանիսը։
«Յուրաքանչյուր օրենք, ըստ Սահմանադրության՝ պետք է ուղղված լինի սոցիալական վիճակի բարելավմանը, բայց այս օրենքը քանի որ մինիմալ աշխատավարձի վրա էլ է ազդում, արդեն իսկ հակասում է Սահմանադրությանը։ Սահմանադրությունն ասում է, որ քաղաքացին ազատ է տնօրինելու սեփական միջոցները, սակայն այս օրենքով պարտադրում են վճարել։ Ճիշտ է կառավարությունը նշում է, որ դա մարդկանց անձնական միջոցին է փոխանցվում, բայց չի կարող ցանկացած պահի տնօրինել, միայն այն դեպքում, երբ անբուժելի հիվանդ է, այլ տարբերակ չկա»,- ասաց նա։
Հարություն Աղամալյանը շարունակեց օրենքի բացերը թվարկել. «Եթե մարդն իր քաղաքացիությունը փոխում է, պետությունն ասում է, թե տվյալ երկիր կփոխանցենք նրա կուտակած գումարները։ Իսկ գուցե այդ երկիրը նման համակարգ չունի՞»։
Ակտիվիստը նշեց, թե համակարգը պարտադրում է նաև օտարերկրացիներին վճարում կատարել։ «Այս համակարգի տպավորությունն այն է, թե գող է մտել մեր տուն։ Իսկ գողի դեմ ի՞նչ պետք է անենք՝ բռնելու ենք ծեծելով հանենք»,- ասաց նա և վստահեցրեց, թե պայքարելու են մինչև վերջ և հասնեն նրան, որ օրենքը չգործի։
Նա նշեց, որ իրենց խնդիրն է օրենքի բացասական կողմերին ծանոթացնել այն 260 հազար մարդկանց, որոնց նույնպես օրենքը վերաբերվում է, որպեսզի նաև նրանք միանան պայքարին։ «Համոզված ենք, փետրվարին, երբ մարդիկ արդեն իսկ ցածր աշխատավարձ կստանան, հնարավոր չի, որ լռեն»,- ասաց նա։
Ակտիվիստ Հայկ Ավետիսյանը լրացրեց, որ իրականում գումարը ոչ թե պահվում է 5%, այլ 6,6-ից 13%։
«Միշտ ասում են 5%, բայց դա մաքուր աշխատավարձն է, իրականում չհարկվածից էլ են պահելու, այսինքն՝ կեղտոտ աշխատավարձից»,- ասաց նա։
Բացի այդ, ըստ նրա, 5% -ն էլ բավականին մեծ գումար է։ «Այլ երկրների փորձը կա, ոչ մի տեղ չի հանդիպել 5%, կա 3, 2%, բայց ոչ 5»,- ասաց նա։
Տիգրան Մարտիրոսյանը զարմացած հարցրեց, թե ով է երաշխիք տալիս, որ այդ գումարները 30 տարի հետո հետ են ստանալու։
«Ինչ է նշանակում, թե պարտադրում են բարեկեցիկ ապրիր, ես հնարավոր է հիմա եմ նախընտրում բարեկեցիկ ապրել»,- ասաց նա և անցավ հաջորդ հարցին, որ այդ ֆոնդերը, որտեղ գումարները պետք է պահվեն, վստահելի չեն, և բացի այդ, դրանց մասին քիչ տեղեկություն է տրամադրվում։ Ակտիվիստին վրդովեցնում է նաև այն պնդումը, թե գումարների 40%-ը պետք է գնան միջազգային ֆոնդեր։
«Մեր պետության տնտեսությունը գնալով անկում է ապրում, զարմանալի է, որ պետությունը դեռ համակարգին 5% մասնակցություն է ունենալու, հարց է առաջանում, ո՞նց է նա մասնակցելու, գուցե իրականում նա նկարելո՞ւ է այդ թվերը»,- հաջորդ մտահոգությունը ներկայացրեց նա։
Ի դեպ, նրանք նշեցին, թե կառավարության ներկայացուցիչներից ոչ ոք բաց քննարկման չի գնում այս հարցերին պատասխանելու համար։










