Մեկնարկել է «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նոյեմբերի 22-ին մեկնարկել է «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան 5 բուհերի ուսանողների շրջանակներում իրականացվում են քննարկումներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կազմակերպվում են կինոդիտումներ, խորհրդատվություն, ցանկացողները նաև հետազոտվում են:
Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը նշել է, որ իրականացվող միջոցառումների նպատակն է հնարավորինս շատ խոսել ՄԻԱՎ-ի մասին, հնարավորինս մեծ թվով երիտասարդների հետազոտել, որպեսզի իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։
«Հուսով ենք, որ ծրագրի արդյունքով կունենանք ավելի իրազեկ, հետևաբար՝ պաշտպանված ու առողջ երիտասարդներ։ Ծրագիրը կնպաստի, որպեսզի երիտասարդները հետազոտվեն, և ունենանք իրենց կարգավիճակն իմացող երիտասարդներ։ Իսկ դա շատ կարևոր է, քանի որ իմանալով ՄԻԱՎ կարգավիճակը՝ կարելի է ժամանակին դիմել բժշկի, ստանալ դեղահաբեր և առօրյան կազմակերպել այնպես, որ ապրես երկար տարիների լիարժեք կյանքով։ Միևնույն ժամանակ, իմանալով քո կարգավիճակը՝ չես փոխանցի ՄԻԱՎ վարակը հարազատներիդ, ինչու չէ, նաև քո ապագա զավակին»,- ասում է Նարինե Մեժլումյանը՝ նշելով, որ ՄԻԱՎ հետազոտությունը Հայաստանում անվճար է, այն իրականացվում է շատ հեշտ ու անանուն։
Ծրագրի համակարգողը նաև ընդգծում է, որ երիտասարդությունն այսօր լայնորեն ներգրավված է զբոսաշրջության մեջ, արտագնա աշխատանքներում, տարբեր միջազգային փոխանակման ծրագրերում, ինչը նրանց ՄԻԱՎ-ի նկատմամբ դարձնում է խոցելի։
Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ի դեպքերը կարծես թե նվազում են, սակայն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ դեռևս նվազման միտում չի նկատվում Ուկրաինայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, որոնց հետ Հայաստանի բնակչությունն առավել շատ շփումներ ունի։
Աշխարհում, ըստ հաշվարկային տվյալների, կա 34 միլիոն ՄԻԱՎ վարակակիր, որից 3,3 միլիոնը մինչև 15 տարեկան երեխաներ են։ 2011թ. տվյալներով՝ նոր ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասնում է 2,5 միլիոնի։
«Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում։











