Նյու Յորքի աղբանոցում «Էմմի» ոսկե արձանիկ է հայտնաբերվել
Նյու Յորքի բնակիչն աղբանոցում հայտնաբերել է ոսկե արձանիկ, որը շնորհվում է «Էմմի» հեղինակավոր հեռուստատեսային մրցանակաբաշխության հաղթողներին, գրում է Взгляд-ը։
Սեպտեմբերին 40-ամյա Իսմայել Սեկիկն իր թաղամասում զբոսնելիս վաճառքի հանված տներից մեկի մոտ աղբակույտում նկատում է փայլող արձանիկը։ «Անպիտան իրը» նրան դուր է գալիս, վերջինս այն տանում է իր տուն։
Մի քանի ամիս անց Սեկիկը հեռուստատեսությամբ դիտում է «Էմմի» մրցանակաբաշխությունը և միայն այդ ժամանակ է հասկանում, որ դա այդ արձանիկներից է։ Պարզել, թե ում է պատկանում արձանիկը, հնարավոր չէ, քանի որ բացակայում է այն հատվածը, որի վրա փորագրված է հաղթողի անունը։ Ըստ նախնական տվյալների՝ այն հանձնել են 1950-ական թթ.։
«Ես ցանկանում եմ վերադարձնել այս արձանիկը նրան, ում այն պատկանում է։ Կամ այդ մարդու բարեկամներին»,- ասել է Սեկիկը։ Սակայն որոնումները դեռևս ապարդյուն են։ Այն բնակիչները, որոնց տան հարևանությամբ հայտնաբերվել է արձանիկը, ասում են, որ նախկինում երբեք չեն տեսել այդ իրը։










