ՍԴՀԿ-ի համագումարը մեկնարկեց հիմնով, վարչապետի ողջույնի խոսքով և երկրի խնդիրների շուրջ մտահոգություններով
«Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության» 9-րդ համագումարը մեկնարկեց ՀՀ պետական հիմնով, որին հաջորդեց կուսակցության օրհներգը: Այնուհետև մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին Սիրիայի զոհերի հիշատակը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքն ընթերցեց նրա օգնական Հայկ Թութունջյանը: «Ավանդական կուսակցությունները հայ ժողովրդի հարստությունն են և նրա շահերից է բխում դրանց գործունեությունը»,- շեշտված էր Տիգրան Սարգսյանի խոսքում:
Ելույթ ունեցավ «Ռամկավար ազատական» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանն ու նշեց, թե կուսակցությունները Հայաստանում և սփյուռքում չունեն նախկին հեղինակությունը: «Այսօր «Ռամկավար ազատական կուսակցությունը» մեծ ուրախությամբ է մասնակցում այս համաժողովին, և մենք հայտարարում ենք, որ սատարում ենք ձեզ հետագա բոլոր կարևորագույն գործընթացներին: Բոլորս հստակ գիտենք, թե ՀՀ-ն այսօր ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, և Հնչակյան կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը մեծ կարևորություն պետք է ունենա երկրի զարգացման գործում»,- ասաց նա:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես ողջունեց կուսակցության համագումարը: «Ես տասնամյակներ է, որ առնչվում եմ ձեր կառույցի գործունեության հետ, ինձ տպավորել են այն աշխատանքները, որոնք տարվում են հատկապես հայապահպանության գործում: Ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը, ինձ համար սոցիալական և դեմոկրատական արժեքներն անփոխարինելի են»,- ասաց նա՝ նշելով, որ իրեն հատկապես ուրախացնում է երիտասարդների մասնակցությունը կուսակցության աշխատանքներին:
Երիտասարդության անունից ելույթ ունեցավ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Եղիազարյանը: Հալեպահայության անունից խոսեց, ինչպես նրան ներկայացրեցին, կուսակցության հնաբնակներից Վազգեն Մեսրոպյանը:
Ելույթ ունեցավ նաև ՍԴՀԿ վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանը: «Անցել է երկու տարի, երկարամյա ցնցումներից մենք այսօր գնում ենք այս համագումարին միասնական, ուժեղացված: Չենք սխալվի, եթե նշենք, որ Հայաստանի անկյունադարձային այս իրավիճակը շարունակվում է»,-ասաց նա։
Վարչության ատենապետի խոսքով՝ իրենք այսօր չափից ավելի թույլ են, սակայն ժամանակն է իրավիճակը փոխելու: «Այո, իրավիճակի մեջ կան նաև որոշակի դրական դրսևորումներ, սակայն բավարար չեն»,- նկատեց նա: Վերջինս նաև հայտարարեց, որ ՍԴՀԿ-ն ողջունում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը, սակայն հորդորում է իշխանությունների զգոն լինել: Իսկ Արցախի հարցը պետք է որոշի Արցախի ժողովուրդը:
Առաջին աշխատանքային օրն այսքանով ավարտվեց, համագումարը կշարունակվի վաղը, որի ժամանակ կընտրեն վարչության նոր ատենապետ:










