ՄԱԿ-ն ընդունել է Սիրիայի հետ կապված իր սխալները
ՄԱԿ-ն ընդունել է Սիրիայի հետ կապված իր սխալները։ ՄԱԿ-ի փոխղեկավար Յան Էլիասոնի խոսքով, եթե խաղաղապահ ուժերն ավելի վաղ միջամտեին, կհաջողվեր խուսափել ռազմական հակամարտությունից, գրում է ДНИ.ru-ն։
«Եթե քաղաքական քայլերն ավելի վաղ արվեին, ապա սիրիացիները ստիպված չէին լինի այսքան տանջվել։ Մենք ցավում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների շրջանում երկար ժամանակ միասնություն չի եղել։ Այդ ժամանակահատվածում Սիրիայում ուժեղացել են ծայրահեղական խմբավորումները։ Այժմ նրանք շատ ավելի ուժեղ են, քան մեկ կամ երկու տարի առաջ»,- նշել է Էլիասոնը։
Նա հիշեցրել է թուրք լսարանին Ժնևում խաղաղ համաժողով անցկացնելու անհրաժեշտության մասին։ «Ես վստահ եմ, որ այս հակամարտությունում հնարավոր չէ հասնել հաղթանակի։ Մենք որոշ երազանքներ ունեինք այս հարցի շուրջ մեկ տարի առաջ։ Տեսեք, թե ինչի հասանք»,- ընդգծել է Էլիասոնը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է, որ Ժնևի համաժողովը կարող է սկսվել 2013թ. դեկտեմբերին։ «Ես չեմ կարող հայտարարել ստույգ ամսաթիվը։ Հույս ունենանք՝ դա կլինի դեկտեմբերի կեսերին»,- ասել է Բան Կի Մունը։










