Մեկ պատգամավոր՝ մեկ ձայն. «Ժառանգությունը» ուզում է արմատախիլ անել ուրիշի փոխարեն քվեարկելու պրակտիկան
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել ԱԺ, որով ցանկանում են արմատախիլ անել ուրիշի փոխարեն քվեարկելու արատավոր պրակտիկան: Այս մասին Tert. am-ին հայտնեց Թևան Պողոսյանը:
«Եթե նախագիծն ընդունվի, ապա կարգազանց են համարվելու այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստին ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում գրանցվել կամ քվեարկել են բացակա պատգամավորի փոխարեն»,-ասաց «Ժառանգության» պատգամավորը:
Օրենքի հիմնական գաղափարախոսությունն է՝ «Մեկ պատգամավոր՝ մեկ ձայն» սկզբունքը:
Հիշեցնենք, որ ուրիշի փոխարեն քվեարկություններից մեկից հետո, դեռ 2012 թվականին, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վրդովված հարցրեց նիստը նախագահողին՝ «այստեղ երկգլխանի մարդ կա՞»:
Եվ ասօր, պատասխանելով Tert.am –ի հարցին, թե ինչ կարող է տալ նման օրենքը, Ալավերդյանն ասաց.«Ցանկացած լավ օրենք, նորմ լավ բան է, իսկ թե ինչպես կկատարեն դա, խնդրի երկրորդ շերտն է, բայց ես չեմ կարծում, որ օրենք պետք չէ»:
Թեև «Ազգային ժողովի կանոնակարգ- օրենքով սահմանված է, որ պատգամավորը գրանցվում և քվեարկում է անձամբ՝ «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ», սակայն դրանում ամրագրված չեն, թե ինչ պատիժ է սահմանվում անձամբ չգրանցվելու կամ չքվեարկելու դեպքում, ինչն էլ հնարավորություն է տալիս, որպեսզի բացակա պատգամավորի փոխարեն գրանցվեն և քվեարկեն նրա ընկերներն ու գործընկերները:
Մինչդեռ այս փոփոխությունների ընդունման դեպքում ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը կհամարվի կարգազանց, և նիստը վարողը կարող է նրա նկատմամբ ձեռնարկել կարգապահական միջոցները՝ անուն-ազգանունը հրապարակելուց ու զգուշացումներից մինչև խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում դահլիճից մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից: Իսկ ամենամեծ պատիժը կկիրառվի ընդհուպ՝ մինչև 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից զրկելով:
«Դա խայտառակություն է, բառիս բուն իմաստով, մարդկանց աչքի առաջ օրինազանցություն են անում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և նկատեց՝ խնդիրն այն է, որ կա´մ պետք է ամրագրվի «Մեկ պատգամավոր՝ մեկ ձայն» սկզբունքը, կա´մ խմբակցության փոխարեն քվերակելու իրավունք տրվի մեկ պատգամավորի: Այդ առաջարկն, ըստ նրա, եղել է ՀՀԿ խմբակցության կողմից հնչել է կուլիսներում:
«Ի դեպ՝ կիրառվում է նաև այդպիսի մոտեցում (միջազգային պրակտիկայում), բայց Հայաստանի օրենքն ասում է, որ պատգամավորը քվեարկում է իր սեփական կարծիքի և համոզմունքների համաձայն: Չէ՞ որ երբ բոյկոտում են, այդ փաստարկն են բերում»,-ասաց նա:










