Փարիզում ցուցարարները պահանջում են երկրում արգելել մարմնավաճառությունը
Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են երկրում արգելել մարմնավաճառությունը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ շուրջ 3000 քաղաքացիներ անցել են Փարիզի փողոցներով՝ հասնելով խորհրդարանի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հաջորդ շաբաթ տեղի կունենա կառավարության կողմից առաջարկված «Մարմնավաճառության դեմ ուժեղացված պայքարի մասին» օրինագծի քննարկումը:
Նոր միջոցառումները, չարգելելով «հնագույն մասնագիտության» ներկայացուցիչների՝ ներկա պահին օրինական համարվող գործունեությունը, միաժամանակ խոշոր չափի՝ 1500 եվրո տուգանք են սահմանում մարմնավաճառների ծառայություններից օգտվողների համար:
Ցուցարարների մեծ մասն այս օրենքը բավականաչափ արդյունավետ չի համարում: Ցույցի մասնակիցները պահանջում են նաև փոփոխություններ ներառել արդեն սենատի կողմից հաստատված և Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված՝ «Կանանց իրավունքների» մասին օրենքում:










