Բանգկոկում 100.000 մարդ դուրս է եկել հակակառավարական ցույցի

09:46 • 25.11.13

Բանգկոկում ավելի քան 100 հազար մարդ դուրս է եկել հակակառավարական բողոքի ցույցի, հայտնում է RBC-ն:

 

Ցույցի կազմակերպիչն ընդդիմադիր Թաիլանդի Ժողովրդավարական կուսակցությունն է. նրանք բողոքում են համաներման նոր նախագծի առիթով: Հնչում են վարչապետ Յիգլուկ Շինավատրայի կառավարությունը տապալելու կոչեր:

 

Զուգահեռ անցել է նաև կառավարամետ ուժերի ակցիան, որոնք սատարում են երկրի ներկայիս վարչապետին: Վերջինիս մասնակցել է 4 հազար մարդ: Նրանք հայտնել են, որ բռնություն չեն ցանկանում, ուստի չեն բախվի ընդդիմությանը:

 

Երկու կողմերի ակցիաները, ըստ սպասումների, կտևեն այսօր ամբողջ օրը:

 

Երկրի ոստիկանությունը խոստացել է զերծ մնալ ուժի կիրառումից:

Սրանք առաջին փողոցային բողոքներն են 2010-ից ի վեր. այն ժամանակ ցույցերն արյունալի էին եղել: