Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ի նախաշեմին ահաբեկչություն պլանավորած խմբի 3 անդամներ ցմահ ազատազրկման են դատապարտվել
Բաքվի դատարանում այսօր ավարտվել է «Եվրատեսիլ - 2012» երգի մրցույթի նախօրեին ահաբեկչություն նախապատրաստելու գործով դատական նիստը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, մեղադրյալ Սամիր Սանըևն ու նրա երկու հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ մնացած անդամները՝ 9-15 տարվա ազատազրկման։
Անցյալ տարի «Եվրատեսիլ - 2012»-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հակաահաբեկչական գործողություն էր իրականացրել, ինչի ընթացքում վնասազերծվել էր հանցավոր խմբավորում, որն ահաբեկչական գործողություն էր ձեռնարկել՝ հասարակական- քաղաքական կայունությունը խախտելու նպատակով։
Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ զինյալ խմբավորման անդամները մտադիր են եղել ահաբեկչություն իրականացնել պետության ղեկավարի դեմ՝ երկրի հյուսիս-արևմուտք այցի ընթացքում, ինչպես նաև զինված հարձակում իրականացնել իրավապահ մարմինների դեմ, պայթեցնել մի շարք սրբավայրեր, կազմակերպել խոշոր պայթյուններ այնպիսի վայրերում, որտեղ շատ կլինեն օտարերկրացիները, այդ թվում՝ «Hilton Baku», «JW Marriot Hotel Absheron» և այլ հյուրանոցներում, Ազգային դրոշի հրապարակում, ինչպես նաև Baku Crystal Hall-ում, որտեղ տեղի էր ունեցել «Եվրատեսիլ - 2012»-ը։










