Կիևում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

09:16 • 25.11.13

Ուկրաինայի ոստիկանությունը կիրակի օրը արցունքաբեր գազ և հատուկ միջոցներ է օգտագործել Կիևի Եվրոպական հրապարակում և Անկախության Մայդանում հավաքված ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:


Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ իրենց աշխատակիցները ստիպված են եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերականգնեն Կրեշատիկի երթևեկությունը: Իրավապահների տեղեկություններով՝ մասսայական միջոցառում անցկացնելու դիմումի մեջ նշված է եղել, որ այն կավարտվի ժամը 23:00-ին, սակայն մարդիկ չեն հեռացել դրանից հետո էլ: Ուժայինները մարդկանց օղակի մեջ են վերցրել և նրանց հրել դեպի մայթեր, որպեսզի նրանք չխանգարեն երթևեկությանը:


Բախումների պատճառով, որոշ տեղեկությունների համաձայն, վիրավորվել է երկու ոստիկան և մեկ ցուցարար:


Ընդդիմադիր մի շարք խմբերի ներկայացուցիչներ մի քանի անգամ փակել են Եվրոպական հրապարակին և Անկախության Մայդանին հարող փողոցները: Ոստիկանության հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատը հանել է վրանը, որից, ինչպես հայտարարում էին հավաքվածները, պետք է սկսվեր վրանային քաղաքը: Գիշերվա ընթացքում ցուցարարները խոստանում էին մեծ թվով վրաններ բերել այդտեղ անժամկետ ակցիա սկսելու համար:


Այնուամենայնիվ, ցուցարարներին հաջողվել է մի քանի վրան տեղադրել: Եվրոպական հրապարակում տեղադրվել է 30 վրան: