«Պապարացիների արքան» ավստրալական քաղաքի քաղաքապետ է դարձել

15:10 • 25.11.13

«Big Pictures» ֆոտոգործակալության նախկին տնօրեն Դարին Լայոնսը հաղթել է ավստրալական Ջելոնգ քաղաքի քաղաքապետի ընտրություններում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Age պորտալին:

 

Լայոնսի օգտին է քվեարկել 130 հազար ընտրողների 30 տոկոսը: Նրա ամենամոտ մրցակիցը՝ գործարար Ստեֆանի Աշերը, երկու անգամ քիչ ձայն է հավաքել:

 

Ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո Լայոնսը հայտարարել է, որ քաղաքի բնակիչներն ընտրել են «փոփոխություններ, երիտասարդություն և էներգիա»:

 

Նախընտրական արշավի ժամանակ նա հայտարարել է, որ Ջելոնգն արժանի է պարապած մկաններով քաղաքապետի:

Լայոնսը ճանաչում է ստացել Մեծ Բրիտանիայում, որտեղ 1990-ականների սկզբին հիմնել է «Big Pictures» գործակալությունը: Ընկերությունը մասնագիտացել է հայտնի մարդկանց լուսանկարների վրա: Գործակալությունը բազմաթիվ սկանդալային լուսանկարներ է տարածել, այդ թվում նաև արքայադուստր Դիանայի վերջին լուսանկարներից որոշները: Մամուլը Լայոնսին «պապարացիների արքա» է անվանում: