ՀՀ գյուղատնտեսության նախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հյուրընկալել է ՀՀ Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոյին: Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը, առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելու և գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը:
Ս. Կարապետյանը գոհունակությամբ նշել է բելառուսական արտադրության տրակտորների՝ Հայաստան ներկրելու կարևորությունը, ինչը հնարավորություն տվեց հայ ֆերմերներին ձեռք բերելու որակյալ և մատչելի գյուղտեխնիկա: Նա նաև տեղեկացրել է, որ տրակտորները հաջողությամբ շահագործվում են Հայաստանում, և նպատակահարմար է 2014թ. առաջին եռամսյակում նույնպես կազմակերպել տրակտորների որոշ խմբաքանակի ներկրում Հայաստան:
Դեսպան Ս. Սուխորենկոն անդրադարձել է առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստի արձանագրությամբ նախատեսված, գյուղատնտեսությանը վերաբերող կետերին և փոխանցել է բելառուսական կողմի պատրաստակամությունը՝ կազմակերպելու բելառուսական գյուղտեխնիկայի արտադրություն Հայաստանում արդյունաբերական որևէ ձեռնարկության բազայի հիմքի վրա և ստեղծելու այդ տեխնիկայի սպասարկման համար լիցենզավորված կենտրոն:
Դեսպանը նաև ցանկություն է հայտնել աջակցելու ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը և առաջարկել է քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը 2014թ. ընթացքում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն ընդունել է դեսպանի առաջարկը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու դրանց իրականացման ուղիները:










