Սիրիական բանակը Դամասկոսում կասեցրել է հազարավոր ջիհադականների գրոհը
Սիրիական կառավարական զորքերը կասեցրել են զինյալների գրոհները Դամասկոսի մատույցներում։ Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ «Ալ Վաթան» պարբերականին հղումով, Արևելյան Ղուտա շրջանում՝ Հորդանանի սահմանի մոտ, տասնյակ հազարավոր ջիհադականներ հարձակվել են ռազմական անցակետերի վրա՝ Բուխարիա, Քասմիա, Շամիա, Դեյր Սալման բնակավարերի շրջանում։
Զինված միջադեպեր են տեղի ունեցել նաև Ադրա, Հարասթա, Զամալքա բնակավայրերի տարածքում՝ Հոմսի մայրուղու մոտակայքում։ Այդ շրջաններում ոչնչացվել է ավելի քան 100 ահաբեկիչ, որոնց մեծամասնությունն օտարերկրյա վարձկաններ են։
Մարտեր են ընթանում նաև Հալեպի պատմական շրջաններում՝ քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված Հին Հալեպում։
Փոխհրաձգություն է ընթանում Օմայաների հնագույն մզկիթի մոտ։










