Տիմոշենկոյի դուստրն Անգելա Մերկելին կոչ է արել չհանձնվել և օգնել մորը
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դուստրը կարծում է, որ Գերմանիան դեռ կարող է հասնել մոր՝ բուժման նպատակով երկրից դուրս բերելուն։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Եվգենյա Տիմոշենկոն կոչ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չընկրկել այդ հարցում։
Անցյալ շաբաթ Ուկրաինան հրաժարվել էր թույլատրել բուժման նպատակով Տիմոշենկոյի արտերկիր, մասնավորապես Գերմանիա մեկնելը։ Նույն օրը կառավարությունը կասեցրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։ Ի պատասխան՝ ընդդիմությունն արդեն մի քանի օր հանրահավաքներ է իրականացնում՝ պահանջելով իշխանության հրաժարականն ու Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը։ Այսօր ցուցարարները փորձել են գրավել կառավարության շենքը։
«Կարծում եմ, որ Գերմանիան իմ մոր վերջին հնարավորությունն է։ Կանցլեր Մերկելը չպետք է հանձնվի։ Եթե իմ մայրը մոտ ապագայում ազատ չարձակվի, կմահանա։ Նրան գիտակցաբար զրկում են բուժում ստանալու հնարավորությունից։ Նա պետք է արտերկիր գնա՝ այնքան արագ, որքան հնարավոր է»,-հայտարարել է Եվգենյա Տիմոշենկոն գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։










