Ուկրաինան ԵՄ-ին երկու հիմնական պահանջ է ներկայացրել համաձայնագիրը ստորագրելու համար. ԶԼՄ-ներ

16:49 • 25.11.13

Ուկրաինան երկու հիմնական պահանջ է ներկայացրել Եվրամիությանը, որոնց լուծումը թույլ կտա ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցներին: Ընդ որում՝ Կիևի և Բրյուսելի միջև բանակցություններում այլևս չի շոշափվում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու կամ բուժման նպատակով արտասահման ուղարկելու հարցը:

 

Ինչպես գրում է «Сегодня» թերթը, Կիևը ցանկանում է առաջին հերթին Արժույթի միջազգային հիմնադրամից 10 մլրդ եվրոյի վարկ ստանալ՝ առանց կոմունալ հաստատությունների և սուբսիդավորվող արդյունաբերության համար գազի գնի բարձրացման պահանջի:

 

Երկրորդ հերթին, Ուկրաինան ցանկանում է արտահանման ոլորտում առևտրային նախապատվություններ, օրինակ՝ մետալուրգիական արտադրանքի ներմուծման քվոտաների վերացում, որոնք պահպանվում են ազատ առևտրի գոտում:

 

Եվրոպական կառույցներում թերթի աղբյուրը պնդում է, որ «ԵՄ-ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնություն, սակայն 2014 թվականի աշնանը՝ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո»: