ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները վիրուսներ են տարածել 50.000 համակարգչային ցանցերում

18:37 • 25.11.13

Ավելի քան 50 հազար համակարգչային ցանցեր ողջ աշխարհում վարակվել են վնասակար ծրագրային ապահովման պատճառով, որը նախատեսված է գաղտնի տեղեկատվություն կորզելու համար: Ակցիայի կազմակերպիչն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունն է, հաղորդում է Российская газета-ն՝ NRC Handelsblad-ին հղումով, որն էլ իր հերթին մեջբերում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հաղորդած տվյալները:

 

Ցանցերը վարակելու մեթոդը ստացել է «համակարգչային ցանցերի խափանում» (Computer Network Exploitation) անվանումը, որն իրենից ներկայացնում է ցանցերի կոտրում և լրտես-համակարգերի տեղադրում:

 

Սնոուդենի տվյալների համաձայն՝ 2012-ին ԱՄՆ-ի ԱԱԳ-ի հարձակումների համար օբյեկտ են հանդիսացել ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի և այլ երկրների համակարգչային ցանցերը:

 

Ինչպես հաղորդում է պարբերականը՝ Ազգային անվտանգության գործակալությունում աշխատում են հազարավոր մարդիկ, ովքեր զբաղվում են ներքին հարձակումների կազմակերպմամբ և իրականացմամբ: