Բողոքի են դուրս գալիս կին ազատամարտիկները
Ազատամարտիկ, 1988թ.-ի առաջին հացադուլավորներից մեկը՝ Սուսաննա Մարգարյանը, ով հացադուլի էր դուրս եկել հղի վիճակում, ինչպես նաև 23 տարեկանում նույն վիճակում մեկնել էր ռազմաճակատ, վերադարձել, երկրորդ երեխային լույս աշխարհ բերել ու կրկին ճակատ գնացել, Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մի խումբ կին ազատամարտիկներ կրկին դուրս են գալիս պայքարի և վաղը Երևանի ազատության հրապարակից կանցկացնեն երթ դեպի նախագահի նստավայր:
- Տիկին Սուսաննա, ըստ Ձեզ, կանայք ավելի համբերատա՞ր էին, դրա՞ համար չէին մինչև հիմա միացել ազատամարտիկների պայքարին։
- Արդեն կոկորդներս լցվել ու հասել է վերջին: Որպես մայր ենք դուրս գալիս մենք, թեկուզ՝ կին ազատամարտիկ: Այսօր մի իրավիճակում ենք, երբ զավակները կտրվում են իրենց ծնողներից, ծնողները՝ իրենց ծնողներից, հասել են աղքատության այն աստիճանի, որ համբերելու տեղ չկա:
- Հիմա, երբ պատերազմի վտանգը բավականին ռեալ է գնահատվում և նախագահ Սերժ Սարգսյանն էլ օրերս ռազմական բժիշկների զորակոչ արեց: Ի՞նչ եք կարծում, եթե հանկարծ պատերազմ լինի, արդյոք այդ ուժը նորից կանգնելու է, գնալու է ճակատ:
- Մեր ազատամարտիկները միշտ էլ պատրաստ են նորից կանգնելու Հայաստանի Հանրապետության համար, բայց Սերժ Սարգսյանի վրա հույս դնել չկա, քանի որ նա իր պարտավորությունները չի կատարել ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Շահագործել է իր պաշտոնն ընդդեմ ազգի:
- Պետության վերաբերմունքը հողը պաշտպանած ազատամարտիկների նկատմամբ ինչպե՞ս եք գնահատում:
- Պետություն ասելով ես հասկանում եմ Հայաստան, Հայաստանի ժողովուրդ: Այսօր ես պետության մեջ չեմ տեսնում Սերժ Սարգսյանին կամ իր շրջապատին: Ես նրանցով չեմ սահմանափակվում, նրանցով ոչ մի եզրակացություն չեմ անում: Սա արհամարհանք է ազատամարտիկների նկատմամբ, սա կոչ է ազատամարտիկներին, որ «ազատամարտ» հասկացությունը առ ոչինչ է, ոչ մի սրբություն չկա:
- Տարին մի քանի անգամ պաշտոնյաները, պետական այրերը այցելում են «Եռաբլուր»: Արդյոք այստեղ կեղծավորություն չկա՞, եթե իրականում ճիշտ քաղաքականություն չի տարվում ազատամարտիկների նկատմամբ:
- Դա այդ նույն արհամարհանքը, այդ նույն քծնանքն է մեր ազատամարտիկների նկատմամբ: Նրանք իրենց գնալով, իրենց ներկայությամբ մեր պառկած ընկերների հիշատակը ոտնահարում են: Մեր տղաներին պետք չեն այդ ծաղկեպսակները:
- Տեղեկություններ կան, որ Եռաբլուրում հիմա շինարարություն է տեղի ունենում, որը կապ չունի Եռաբլուրի կառուցապատման հետ: Տեղյա՞կ եք այդ մասին:
- Այո՛, դա «Լֆիկի» կողմից իրականացվող շինարարություն է, որից շատ վատ հոտ է գալիս ու շատ վատ բաներ են լինելու:
- Ինչե՞ր են լինելու:
- Շատ վատ բաներ: Այն մարդը, որը կփորձի ազատամարտիկի դամբարանը պղծել, պատժվելու է խստորեն: Ղեկավարությունը ծաղրում է ամբողջ ժողովրդին, ծաղրում է այն ազատամարտիկին, որն իր կյանքը տվել է այս հողի համար:
- Ո՞վ պետք է կանգնի պայքարող ազատամարտիկի կողքին:
- Իհարկե, միայն ժողովուրդը: Այսօր քաղաքական, չգիտեմ ինչ կազմակերպություններ պետք է չճանաչել: Անդունդի եզրին ենք արդեն: Ոչ մի բան չեն թողել Հայաստանի Հանրապետության քաղաքացու սեփականություն ճանաչելու: Էնքան արեցին, որ մարդիկ ստիպված փող են պարտք վերցնում որ իրենց աքսորը կազմակերպեն:
- Կներկայացնե՞ք Ձեր մարտական ուղին:
- Իմ մարտական ուղին իմ ընկերներն են, իրենք կպատմեն այդ մասին: Իմ պայքարը ժողովրդի համար է: Այսօրվա հարցը կին ազատամարտիկի հարցը չէ, մարտական ուղու հարցը չէ, այսօրվա հարցը ժողովրդավարության հարցն է և չի վերաբերում իմ մարտական ուղուն: Իմ մարտական ուղին իմ ընկերներն են, որոնք կարող են ամեն ինչ պատմել, ամեն ինչ ասել: Ես որպես մայր, որպես ՀՀ քաղաքացի եմ դուրս գալու:
- Ձեր երազած Հայաստանից շատ հեռո՞ւ է այսօրվա Հայաստանը:
- Ահավոր հեռու են, այնպես, ինչպես ծովից ծով Հայաստանը: Մենք ուզում էինք հայերով լի Հայաստան տեսնել: Չկա: Ես կուզեի Հայաստանը մի քայլ առաջ տեսնել:
-Ի՞նչ երթ եք նախատեսել և ի՞նչ նպատակներով եք այն իրականացնում:
- Հետամուտ ենք լինելու, որ ՀՀ քաղաքացու ձայնը լսվի ամբողջ աշխարհում:
Ավելի լավ է կանգնած մեռնենք, քան սատկենք պպզած: Ստրո՞ւկ հո չենք, որ ձեռքերներս պահենք տեսնենք՝ երբ են մեզ խփելու: Հայաստանի Հանրապետություն հասկացություն չկա, Հայաստանի բռնակցություն կա: Անձնագրերի վրա պետք է գրվի Հայաստանի բռնակցություն:










