Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն խրախուսում է երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը
Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը:
Եվրոպայի նախարարը մասնավորապես ասել է.
«Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և առաջինն էր 2012-ի հունվարից հետո, դրական քայլ է՝ վերսկսելու պարբերական և բովանդակային քննարկումներ երկու առաջնորդների միջև:
Մենք խրախուսում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ լուծում տալու համար»:
Այս մասին հայտնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից:










