Շտեֆան Ֆյուլեն հերքել է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև «փոխհատուցման փաթեթի» շուրջ բանակցություների մասին լուրը
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման շրջանակներում Ուկրաինան ու ԵՄ-ն այսպես կոչված՝ «փոխհատուցման փաթեթի» շուրջ որևէ բանակցություն չեն վարել։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, հանձնակատարը հստակեցրել է, որ «փոխհատուցման փաթեթի» վերաբերյալ քննարկումները չէին կարող անցկացվել առանց իր անմիջական մասնակցության, քանի որ դա իր պատասխանատվության տակ է գտնվում։
Ֆյուլեն խիստ քննադատել է փոխհատուցման գումարների չափերը, որոնք Ուկրաինան իբր թե պահանջել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դիմաց։
«Վերջին շրջանում ես տարբեր թվեր եմ լսել, օրինակ՝ 20 մլրդ դոլար, ինչն ըստ իս՝ անհեթեթություն է։ Չեմ ընդունում դա և չեմ էլ հասկանում, թե որտեղից են այդ թվերը վերցվել»,-ասել է Ֆյուլեն։
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն հայտարարել էր, որ Կիևին ու Բրյուսելին չի հաջողվել համաձայնության գալ «փոխհատուցման փաթեթի» շուրջ, ինչը կօգներ Ուկրաինային սկսել եվրաինտեգրման գործընթացը։










