Գերմանիան կոչ է անում Սիրիայի բոլոր ուժերին` մասնակցել «Ժնև-2» կոնֆերանսին
Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն ողջունում է Սիրիայի հարցով խաղաղ կոնֆերանսի անցկացման օրվա հստակեցումը և կոչ է անում երկրի բոլոր քաղաքական ուժերին` մասնակցել կոնֆերանսին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այս մասին ասվում է գերմանական արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի հարցով «Ժնև-2» խաղաղ կոնֆերանսը կանցկացվի հունվարի 22-ին: Մասնակիցների ցուցակը դեռևս համաձայնեցվում է: Նախատեսվում է, որ Ժնևում առաջին անգամ պետք է հանդիպեն Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը:
ԱԳՆ ղեկավարն ավելացրել է, որ Գերմանիան ՄԱԿ-ին հավելյալ երկու մլն եվրո կտրամադրի՝ խաղաղ գործընթացը և ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի գործունեությունը շարունակելու համար:










