Յանուկովիչը հեռուստաընկերություններին հարցազրույց կտա երկրի եվրաինտեգրման հեռանկարների թեմայով
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «մեծ հեռուստատեսային հարցազրույց կտա, որտեղ կպատասխանի երկրի եվրաինտեգրման հեռանկարների մասին բոլոր հարցերին», հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով կիևյան «Сегодня» թերթին:
Թերթի տեղեկություններով՝ ընտրված րոպեները կցուցադրվեն լուրերի երեկոյան թողարկումների ընթացքում, իսկ ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի չորեքշաբթի առավոտյան բոլոր կենտրոնական հեռուստաալիքներով:
Նախատեսված հարցազրույցի հիմնական թեզիսն է «մենք նախկինի պես ցանկանում ենք ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, բայց դրա համար պետք է ընտրվի առավել հարմար պահ, երբ տնտեսությունը կսկսի աճել...»։
Նախօրեին դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Յանուկովիչը հայտարարել էր, որ «մենք գնում ենք եվրոպական ճանապարհով»: Նախագահը շնորհակալություն էր հայտնել Ուկրաինայի քաղաքացիներին «բարձր քաղաքացիական գիտակցության համար»։










