Լրագրողներին արգելել են լուսանկարել Օբամային

13:52 • 26.11.13

Դժվար է դարձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «բռնել» օբյեկտիվում. Սպիտակ տունն արգելում է լրագրողներին լուսանկարել և նկարահանել նախագահին կարևոր հանդիպումների ժամանակ։ Արգելքը բացատրվում է միջոցառումների «մասնավոր բնույթով»։ Թղթակիցներն աշխատանքի նման մեթոդներն անվանել են «խորհրդային» և պահանջել վերադարձնել իրենց օրինական իրավունքը, գրում է ДНИ.ru-ն։

 

«Լրագրողներին պարբերաբար մերժում են այդ իրավունքը։ Վարչակազմը նման կերպ գրեթե իր ձեռքով փակում է մեր սարքերը և հնարավորություն չի տալիս հանրությանն անկախ կարծիք ունենալ իշխանության աշխատանքի մասին»,- նշել են Սպիտակ տանը կից լրագրողների ասոցիացիայից։

 

Այս կապակցությամբ ավելի քան 30 խոշոր ԶԼՄ-ներ, ներառյալ՝ Associated Press, ABC News, Fox News, New York Times ընկերությունները, ստորագրել են Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիին ուղղված բաց նամակը։ Նրանք պահանջել են թղթակիցներին ավելի շատ ազատություն տալ Օբամային լուսանկարելու ժամանակ, երբ նա կատարում է իր ծառայողական պարտականությունները։

 

Մամուլի ներկայացուցիչները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս ներկա գտնվել միջոցառումներին։ Սակայն հետագայում նման հանդիպումների լուսանկարները հայտնվում են համացանցում։

 

Մինչդեռ Սպիտակ տանը չեն պատրաստվում լրագրողներին ազատություն տալ։