Կիևում ցուցարարները ոստիկանական ավտոբուս են գրավել
Ուկրաինայում շարունակվում են անժամկետ ակցիաները` հօգուտ Եվրամիությանն այդ երկրի ինտեգրման, հայտնում է «Դոժդ»-ը. Կիևի Եվրամայդանում` հրապարակում, մի քանի հարյուր մարդ շարունակում է պայքարը:
Կիևի կենտրոնում վրանային ավանի բնակիչները զբաղվում են բարիկադների ամրացմամբ և տաքանում խարույկների մոտ: Քաղաքում մշտապես հնչում է երաժշտություն:
Երեկ երեկոյան հերթական բախումն է եղել ցուցարարների և «Բերկուտ»-ի` ուկրաինական հատուկջոկատայինների ստորաբաժանման աշխատակիցների միջև: Պատճառը եղել է այն, որ ցուցարարներն արգելափակել են ավտոբուսը, դրա միջից դուրս բերել վարորդին, որը ոստիկան է եղել: Ցուցարարներն արցունքաբեր գազ են կիրառել, որն ըստ երևույթին ձեռք են բերել ավտոբուսից:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պահանջել է հետաքննել ծառայողական ավտոբուսի վրա այս հարձակման միջադեպը: Դեպքի վայր են ժամանել հարյուր բերկուտցիներ. ըստ իրենց` ստուգելու տեղեկությունն այն մասին, թե մեքենաներից մեկում ռումբ է տեղադրված:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել ելույթով, որում ասել է, որ «ոչ ոք Ուկրաինային դուրս չի մղի եվրոպական ուղուց»:










