Եվրաինտեգրման աջակիցների ակցիաներին միացել են Ուկրաինայի մի քանի բուհերի ուսանողներ

14:19 • 26.11.13

Ուկրաինայի՝ եվրաինտեգրման աջակիցների ակցիաներին ուսանողներ են միանում: Այսօր դասադուլ են հայտարարել Կիև-Մոգիլյանական ակադեմիայի ուսանողները: Նրանք երթով կգնան երկրի մեկ այլ առաջատար բուհ՝ Տարաս Շևչենկոյի անվան համալսարան, որպեսզի միասին Ուկրաինայի մայրաքաղաքում կազմակերպեն «Ուսանողական եվրամայդան», գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով դասադուլի հանձնաժողովի ներկայացուցիչ Վիկտորյա Սյումարին:

 

Անժամկետ ուսանողական դասադուլ են սկսել նաև արևմտաուկրաինական Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի բուհերի ուսանողները:

 

Կիևի կենտրոնի հանրահավաքներին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ավելի վաղ բազմիցս հորդորել էին ուսանողներին իրենց բուհերում դասադուլի հանձնաժողովներ ստեղծել: Նրանք առաջարկել էին ուսանողներին մի շարք պահանջներ, որոնց պետք է հասնի երիտասարդությունը: Դա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է, բուհերում հավելյալ վճարովի ծառայությունների վերացումը, կրթության և գիտության նախարարի հրաժարականը և այլն: