Կրեմլն անհիմն է համարել Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հասցեին ԵՄ-ի հնչեցրած մեղադրանքները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի հայտարարել է, որ Կրեմլում անհիմն են համարում Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հասցեին ԵՄ-ի հնչեցրած մեղադրանքները, գրում է Взгляд-ը:
«Տեղին չէ խոսել որևէ ճնշման մասին»,- հայտարարել է Պեսկովը:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու նախապատրաստական աշխատանքները կասեցնելու մասին Ուկրաինայի որոշումը սուր արձագանքի է արժանացել ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից, որոնցից ոմանք ուղղակիորեն մեղադրել են Մոսկվային Կիևի վրա ճնշումներ գործադրելու համար: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Կիևն «անսպասելի խոնարհվեց» Կրեմլի առջև, որտեղ «ակնհայտորեն աշխատում է դաժան ճնշումների քաղաքականությունը»:
Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել են, որ նրանք տեղեկացված են «արտաքին ճնշման մասին, որը զգում է Ուկրաինան»։










