Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում` ի նշանավորումն ձեր չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի:
Համակարգի առջև դրված խնդիրները բարդ են և անմիջական ազդեցություն են ունենում մեր պետականության շարունակական ամրապնդման վրա: Եվ դա է պատճառը, որ ձեզ ներկայացվող պահանջները կրկնակի խիստ են: Բարձր արհեստավարժությունը, մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու պատասխանատվության զգացումը պետք է ուղեկցեն ձեզ ձեր ամենօրյա աշխատանքում և օգնեն հաջողությամբ լուծելու առկա խնդիրները:
Ձեր աշխատանքից է նաև կախված հանրապետությունում օրինականության պահպանումը, հասարակության անվտանգության ապահովումը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանությունը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը: Իշխանությունները կշարունակեն անել հնարավորը դատախազության ծառայողների աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:










