Հայաստանի չծնված աղջիկները. World Vision International-ն ահազանգում է հղիության արհեստական ընդհատման ահագնացող միտումների մասին
World Vision International-ն անդրադարձել է Հայաստանում երեխայի սեռի վրա հիմնված հղիության արհեստական ընդհատման թեմային՝ հայտնելով, որ ամեն տարի Հայաստանում լույս աշխարհ չի գալիս 1.400 աղջիկ, քանի որ նրանց մայրերն իգական սեռի երեխա լույս աշխարհ բերելուն նախընտրում են հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելը։
Ըստ մասնագետների հաշվարկների՝ 2030թ. Հայաստանում հղիության արհեստական ընդհատման «զոհ» դարձած աղջիկների թիվը կհասնի 90 հազարի։
Վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ մինչև 15 տարեկան երեխաների շրջանում տղաների թիվը գերակշռում է։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2012թ. Հայաստանում նորածինների սեռային հարաբերակցությունը եղել է 110-120 տղա և 100 աղջիկ, մինչդեռ նորման կազմում է 102-106 տղա և 100 աղջիկ։
Ապագա երեխայի սեռի վրա հիմնված հղիության սելեկտիվ ընդհատումը հանգեցնում է ժողովրդագրական հավասարակշռության խախտման, ինչը վտանգավոր է Հայաստանի պես փոքր երկրի համար։
Ներկայում Հայաստանի իշխանությունները քննարկում են մի օրինագիծ, որը կարգելի բժիշկներին ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը մինչ հղիության 22 շաբաթը։ Այս նպատակով իշխանությունները նախքան փաստաթուղթն Ազգային ժողով ուղարկելը ցանկանում են լայնածավալ քննարկումներ անցկացնել տեղի և միջազգային կազմակերպությունների հետ։
Սակայն որոշ փորձագետների կարծիքով՝ նման օրենքի սահմանումը միայն կնպաստի կոռուպցիայի ծաղկմանը, ինչպես նաև կավելացնի տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատման իրականացման դեպքերի թիվը։










