1988թ. Հայաստանը Ղարաբաղն ազատագրեց առաջին հերթին ռուսական կայսրությունից, այնուհետև՝ Ադրբեջանից. Դավիթ Շահնազարյան
Ռուսաստանն այսօր մեկ խնդիր ունի՝ չկարգավորել հակամարտությունը և հակամարտության գոտում տեղակայել իր զորքերը՝ խաղաղապահի անվան տակ: Այս տեսակետը հայտնեց ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը ասուլիսի ընթացքում՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին խոսելիս:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստանի անվտանգությունն արդեն ամբողջովին տնօրինում է Ռուսաստանը: 200 տարվա ընթացքում, ինչ Հայաստանն անցել է Ռուսաստանի կայսրության կազմ, այդ հարցերը լուծվել են նույն և միևնույն եղանակով՝ բացառապես իր շահը հետապնդելով: Ռուսաստանը երբեք Արցախի հարցը չի լուծի այնպես, ինչպես կուզենայինք մենք»,-ասաց Դավիթ Շահնազարյանը, ավելացնելով, թե 1988թ. շարժումը սկսվեց հենց դրա համար, որովհետև Ռուսաստանի «կայսրության» կազմում գտնվելով, Ղարաբաղը ենթարկեցվել էր Ադրբեջանին:
«Ասել եմ ու կրկնում եմ, որ 88 թվի շարժումով Հայաստանն առաջին հերթին Ղարաբաղը ազատագրեց ռուսական կայսրությունից, այնուհետև՝ Ադրբեջանից»,-ընդգծեց Դավիթ Շահնազարյանը: Ընդգծելով, որ թեպետ չի ուզում այդ մասին խոսել, որովհետև դրա մասին պատմության դասագրքերում էլ չկա, բայց կարիքը կա ասելու, որ հյուսիսային Արցախը օկուպացվեց ռուսական զորքերի կողմից, հենց դրանով՝ «կոլցո» օպերացիայով էլ ըստ էության սկսեց պատերազմը:










