Կանանց երթն ավարտվեց, հաջորդ հանդիպումը դեկտեմբերի 2-ին` Ազատության հրապարակում (տարբերակ 2, տեսանյութ)
15։14
Կանանց երթն ավարտվեց։ Մասնակիցները պայմանավորվեցին հաջորդ հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի 2-ին` Ազատության հրապարակում։
13։37
_______________________________
Դեպի նախագահական նստավայր նախագահի հրաժարականի պահանջով երթի մասնակից կանայք, ովքեր պահանջում էին նաև հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, մտան նախագահականի ընդունարան, որտեղից քիչ հետո խիստ վրդովված դուրս եկան:
Վրդովմունքի պատճառն այն է, որ նրանց հանդիպելու ցանկություն էր հայտնել նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը:
Թեև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կանանց խորհուրդ տվեց հանդիպել տիկին Աիդայի հետ, սակայն նրանք չհամաձայնեցին:
13։02
_______________________________
Երթի մասնակիցների ճանապարհը Դեմիրճյան-Բաղրամյան փողոցում փակել էին ոստիկանները: Նրանք պատ էին կազմել՝ թույլ չտալով, որ երթի մասնակիցները հասնեն նախագահական նստավայրի մոտ: Ոստիկանները մասնակիցներին առաջարկում էին անցնել դիմացի մայթ և ակցիան իրականացնել ոչ թե հենց նախագահական նստավայրի շենքի մայթին, այլ՝ դիմացի: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ոստիկաններից բացել ճանապարհը և թույլ տալ իրենց ակցիան անցկացնել:
Ի վերջո, երկկողմ համաձայնության արդյունքում, Ոստիկանությունը թույլ տվեց ակցիան անցկացնել հենց նախագահական նստավայրի մայթին, բայց անվտանգության նկատառումներից ելնելով՝ շենքից որոշակի հեռավորության վրա:
12։41
_______________________________________________________________________
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց կանանց երթ դեպի նախագահական նստավայր՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:
Երթի ընդհանուր «գաղափարախոսությունն» է՝ «Հայ մայրերը արդարություն են պահանջում»։ Կանայք Ազատության հրապարակ են եկել հետևյալ ցուցապաստառներով. «Մենք Սոսե ենք», «Թույլ չենք տա ոտնահարել Եռաբլուրը», «Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես, Հայաստանը մենք ենք», «Երդմնազանց նախագահին՝ ոչ», «Տեր կանգնենք մեր երկրին», «Կանայք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
Երթը սակավամարդ է, և թեև հայտարարվել է, որ այն լինելու է կանանց երթ, մասնակիցներից շատերը տղամարդիկ են՝ նախկին ազատամարտիկների այն հիմնական հատվածը, որը մշտապես մասնակցում է ազատամարտիկների՝ սոցիալական պահանջներով հավաքներին, հանրահավաքներին ու նստացույցերին:
Ի դեպ, երթի մասնակիցների թվում է նաև «Նոր քաղաքական մշակույթ» քաղաքական կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ով ավելի շատ հայտնի է իր՝ կուսության մասին հայտարարություններով ու «թեզով»:
Tert.am-ի հարցին, թե ի՞նքն էլ է ցանկանում իշխանափոխություն, Անի Զախարյանն ասաց. «Այո, հիմա ո՞վ չի ցանկանում իշխանափոխություն»:
Երթին մասնակցում են նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներ՝ իրենց զոհված որդիների նկարներով: Նրանք վանկարկում են՝ «Զարթնիր նախագա՛հ, մայրն է գալիս, լացդ է տալիս»:










