Ուկրաինայի դասադուլ անող ուսանողներին աջակցել է բուհի ռեկտորը
Ուկրաինայի մի քանի բուհեր այսօր հայտարարել են համաուկրաինական դասադուլի մասին՝ հաջակցության եվրաինտեգրման: Դրանց թվում է այժմ առնվազն երեք բուհ՝ Կիևո-Մոգիլյանական ակադեմիան, Շևչենկոյի անվան համալսարանը և Ուժգորոդի համալսարանը, գրում է korrespondent.net-ը:
Կիևո-Մոգիլյանական ակադեմիայի առջևի հրապարակում հավաքվել է մոտ 1.000 երիտասարդ: Շենքի երկրորդ հարկի պատուհանից ելույթ են ունենում ակադեմիայի ակտիվիստներն ու մյուս բուհերից նրանց հասակակիցները, հաղորդում է ИТАР-ТАСС -ը: Հանրահավաքից ռադիոհեռարձակում է իրականացվում ակադեմիայի տարածքում:
Ուսանողներին աջակցել է բուհի ռեկտոր Սերգեյ Կվիտը. «Մեզ մի քանի շատ պատասխանատու օրեր են սպասվում: Այժմ դուք կընտրեք ձեր համակարգող խորհուրդը: Կազմակերպված եղեք, ուրիշների համար օրինակ եղեք, և ես համոզված եմ, որ մենք կհաղթենք»,- հայտարարել է Կվիտը՝ ելույթ ունենալով ուսանողների առջև:
Բուհն աշխատում է սովորական ռեժիմով, ուսանողները, որոնք չեն ցանկանում մասնակցել դասադուլին, կարող են հաճախել պարապմունքներին:
Բացի այդ, ուսանողները մտադիր են հավաքել համալսարանների դրոշները և վաղը ժամը 14:00-ին ծանրոցով Վիլնյուս ուղարկել՝ ի պատիվ առաջիկա գագաթնաժողովի:
Ուսանողները մտադիր են միանալ ընդդիմադիրների և ակտիվիստների հայտարարած անժամկետ բողոքի ակցիային:
Ուկրաինայի կառավարության շենքի մոտ ավելի վաղ տեղի ունեցած բախումների ընթացքում երկու ցուցարար է բերման ենթարկվել, գրում է Взгляд-ը: Կառավարության շենքի վրա հարձակման փորձերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:










