Իսրայելում կբացվի արտակարգ դեպքերի համար նախատեսված աշխարհի ամենախոշոր ստորգետնյա հիվանդանոցը

12:10 • 26.11.13

Իսրայելի հյուսիսում բացման է պատրաստ արտակարգ դեպքերի համար նախատեսված աշխարհի ամենախոշոր ստորգետնյա հիվանդանոցը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով The Jurusalem Post-ին:

 

2006 թվականին Լիբանանի հետ երկրորդ պատերազմի ժամանակ իսրայելական Հայֆա քաղաքի Ռամբամ բժշկական կենտրոնը բազմիցս հարձակումների է ենթարկվել «Հեզբոլլահ» խմբի գրոհայինների կողմից: Պատերազմից հետո ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նման իրավիճակներից ապագայում խուսափելու համար, ինչպես նաև ապահովել բժշկական կենտրոնի անվտանգությունն ու աշխատանքի հնարավորությունն անգամ ռազմական գործողությունների ժամանակ:

 

2010 թվականին ի հայտ է եկել ստորգետնյա հիվանդանոց կառուցելու գաղափարը, որը գտնվելու է Ռամբամի կենտրոնի տակ: Նախագծի համար հիմնական նվիրատվություններն արել է իսրայելցի միլիարդատեր Սամի Օֆերը, գումարներ են նվիրաբերել նաև այլ դոնորներ, այդ թվում՝ Իսրայելի կառավարությունը: Նախագծի արժեքը 700 միլիոն դոլար է:

 

Խաղաղ ժամանակներում ապաստանը ծառայելու է որպես եռահարկ ավտոմոբիլային կայանատեղի 1.400 ավտոմեքենաների համար:

 

Ստորգետնյա հիվանդանոցը կարող է ինքնուրույն գործել՝ կտրված լինելով արտաքին աշխարհից մի քանի օր շարունակ: Այն պաշտպանված է հրթիռներից, քիմիական և կենսաբանական զենքից: