Amazon ընկերությանը մեղադրել են աշխատանքային անտանելի պայմանների համար
Amazon ընկերությունում աշխատում է ավելի քան 20.000 մարդ, որոնք զբաղվում են պահեստներում առցանց վաճառքի պատվերների մշակմամբ։ Բրիտանացի լրագրողները պարզել են, որ նրանց աշխատանքային պայմաններն այնպիսին են, որ կարող են «ֆիզիկական և մտավոր հիվանդություններ» առաջացնել, գրում է hitech.vesti.ru-ն։
Յուրաքանչյուր աշխատակից պետք է շատ և արագ քայլի հսկայական պահեստում՝ փորձելով կատարել յուրաքանչյուր պատվեր ընդամենը 33 վայրկյանում։ Լրագրող Ադամ Լիթլերը գաղտնի աշխատանքի է ընդունվել Amazon-ում և թաքնված տեսախցիկով նկարահանել ամբողջ գործընթացը։
Աշխատակիցներին ասվում է, թե որ իրերը պետք է հավաքել։ Պատվերի համար հատկացվում է միայն մի քանի վայրկյան, իսկ չհասցնելու դեպքում մեքենան սուր ձայն է արձակում։ «Մենք կարծես մեքենաներ լինենք, ռոբոտներ։ Ինքներս մտածել չենք կարող։ Հավանաբար, նրանք մեզ չեն վստահում և այդ պատճառով էլ թույլ չեն տալիս մտածել մարդկանց նման»,- նշում է լրագրողը։
Պրոֆ Մարմոտը, ով բրիտանացի լավագույն փորձագետն է աշխատանքային սթրեսների գծով, նշել է, որ աշխատանքը նման պահեստում «միավորում է իր մեջ բոլոր վատագույն հատկությունները միաժամանակ»։ «Տվյալները ցույց են տալիս, որ նման աշխատանքը ֆիզիկական և մտավոր հիվանդությունների առաջացման մեծ ռիսկ է պարունակում»,- ասել է փորձագետը։
Ի պատասխան նման մեղադրանքների՝ Amazon-ն անցկացրել է իր սեփական ստուգումները և ոչ մի խնդիր չի հայտնաբերել։










