Ալեք Բոլդուինը լքել է MSNBC-ն՝ հոմոֆոբ արտահայտությունների պատճառով
MSNBC մալուխային հեռուստաալիքը վերջնականապես հրաժարվել է դերասան Ալեք Բոլդուինի հետ համագործակցությունից՝ The New York Post-ի լրագրողի հասցեին արված դերասանի հոմոֆոբ արտահայտությունների պատճառով առաջացած սկանդալից հետո, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով հրատարակության կայքին:
Երեքշաբթի MSNBC-ն հայտարարել է, որ չեղյալ է համարել «Ուշ երեկոյան Ալեք Բոլդուինի հետ» շոուի ցուցադրությունը:
«Բաժանման մասին որոշումը փոխադարձ էր, և մենք Ալեքին ցանկանում ենք ամենայն բարիք»,- հայտարարել են MSNBC-ում:
«Նրանք սպանեցին իմ շոուն: Սակայն դրա պատասխանատվության մի մասն ինձ վրա է»,- ասել է Բոլդուինը MediaIte-ին տված հարցազրույցում։
Ինչպես գրում է NYPost-ը, շոուի ռեյթինգները չորս առաջին էպիզոդներից հետո բարձր չէին, և MSNBC-ն, հավանաբար, պարզապես օգտվել է սկանդալից հաղորդումը փակելու համար:
MSNBC-ի կողմից Բոլդուինի հաղորդումը դադարեցնելուց մեկ օր առաջ TMZ պորտալը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ալեք Բոլդուինը վիճում է մի քանի պապարացիների հետ, որոնք հետապնդում են իրեն: Մասնավորապես, դերասանը կոպիտ արտահայտություններով վիրավորել է The New York Post-ի ֆոտոլրագրողին՝ օգտագործելով «faggot» բառը, որը վիրավորական է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների համար:










