Չիլիացի Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը դատարան կդիմի՝ սոցկայքերում իր անունը ծաղրելու համար

11:36 • 27.11.13

Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորեա Պերես անունով երիտասարդ չիլիացին մտադիր է դատի տալ տեղական ընտրական հանձնաժողովին, որի աշխատակիցը լուսանկարել է իր անձնագիրը և տեղադրել Facebook սոցկայքի իր էջում, որտեղ էլ փաստաթուղթը դարձել է զանգվածային ծաղրի առարկա, գրում է РИА Новости-ն։

 

10 օր առաջ 19-ամյա Կորեա Պերեսը եկել է ընտրատեղամաս նախագահի ընտրություններին մասնակցելու համար։ Նրա յուրահատուկ անվանն ուշադրություն է դարձրել 20-ամյա Էնրի Էլիաս Հադուե Պալման, ով աշխատել է ընտրական հանձնաժողովի կազմում։ Նա լուսանկարել է տղայի փաստաթուղթը, իսկ երեկոյան տեղադրել սոցկայքում։

 

«Իմ քույրը, տեսնելով լուսանկարը, խորհուրդ տվեց ջնջել այն՝ ասելով, որ մեծ խնդիրներ կունենամ։ Ես ջնջել եմ այն 5 րոպե անց, նկարը կարող էին տեսնել միայն իմ ընկերները»,- ասել է Հադուե Պալման։

 

Ինչևէ, նրա ընկերներից մեկը հրապարակել է լուսանկարը, որից հետո այն տարածվել է չիլիացիների էջերում, իսկ որոշ ժամանակ անց հայտնվել է նաև Twitter-ում։

 

Երկու օր անց Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը նկատել է, որ իր փաստաթղթի լուսանկարն ամենաքննարկվող թեման է համացանցում, ընդ որում՝ մեկնաբանություններն իր անվան շուրջ հիմնականում ծաղրական կամ վիրավորական են։
«Իմ անվան վրա նույնիսկ դպրոցում չեն ծիծաղել, իսկ այստեղ դա սկսվել է հասուն մարդու կողմից»,- ասել է երիտասարդը։

 

Պատահածի մեղավոր Հադուե Պալման խոստովանել է, որ պատասխանատվություն է կրում պատահածի համար, ներողություն է խնդրել երիտասարդից ոչ միայն անձամբ, այլև հրապարակայնորեն։ Այնուամենայնիվ, Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը պատրաստվում է մոտ օրերս դատական հայց ներկայացնել ազգային ընտրական հանձնաժողովի դեմ։