Ռուսները հայտարարում են, որ կվերանայեն գազի գինն Ուկրաինայի համար, իսկ ՀՀ-ի դեպքում որևէ լուրջ առաջարկ չտեսանք. Խ Քոքոբելյան

22:18 • 27.11.13

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը զարմացած է, թե ինչու Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարելիս որևէ լուրջ առաջարկ չարեց ռուսական կողմին, ինչպես դա արվեց օրինակ՝ Ուկրաինայի դեպքում։


«Ուկրաինայի նախագահն իր ժողովրդին ուղղված կոչում շատ հստակ մի բան էր ասում, որ երկու կողմի հետ էլ գտնվում է շուկայական հարաբերությունների մեջ, և իրենց լավ պայմաններ են պետք: Գոնե՝ իմանանք՝ ինչպիսի՞ պայմաններում պետք է քննարկվի հարցը, ի՞նչ պայմաններով պիտի գնանք ՄՄ կամ՝ միանանք Ասոցացման համաձայնագրին: Ռուսները հայտարարում են, որ կվերանայեն գազի գինն Ուկրաինայի համար, այդ թվում՝ մի շարք մոտեցումներ, պայմանագրեր, Հայաստանի դեպքում ռուսական կողմից որևէ լուրջ առաջարկի ականատես չեղանք»,-լրագրողներին ասաց Քոքոբելյանը։

 

Ըստ պատգամավորի՝ ՀՀ իշխանություններից որևէ մեկը սպառիչ և համոզիչ պատասխան չի տվել, թե ինչու Հայաստանը չի գնում Ասոցացման պայմանագրի ստորագրմանը։ «Բացառապես մի քանի կցկտուր արտահայտություն ենք լսել անվտանգության հետ կապված, որը հիմնավոր չի եղել, և ես, իրոք, չեմ կիսում այն կարծիքը, որ դա անվտանգության խնդիր է լուծում»,-նշեց նա։

 

Պատգաամվորը հարցրեց՝ տեսե՞լ եք, որ որևէ տեղ հստակ ամրագրված լինի, որ ԼՂ անվտանգությանը սպառնալիքի դեպքում ՀԱՊԿ-ը կամ՝ Ռուսաստանը՝ որպես կողմ, պարտավորություն է ստանձնում մեզ հետ միասին պաշտպանելու մեր անվտանգությունը։

 

«Ավելին՝ կա 97 թ-ին կնքված հայ-ռուսական պայմանագիր: Որոշ քաղաքագետներ նույնիսկ՝ այն պատմական էին համարում, դարի պայմանագիր: Ես դրանում ստորացուցիչ կետեր շատ եմ տեսնում, բայց դա այլ խնդիր է: Այդ նույն պայմանագրի երրորդ կետում հստակ նշված է, որ Հայաստանը և Ռուսաստանը պարտավորություն ունեն մեկը մյուսի նկատմամբ՝ անվտանգության, խաղաղության հետ կապված, պետք է իրենց հասանելի և մատչելի բոլոր միջոցներով նպաստեն կայունությանն ու խաղաղությանը, բայց, ինչպես բոլորս գիտենք, Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառեց՝ դրա անունը դնելով տնտեսական գործարք: Մի՞թե դա նպաստում է խաղաղությանը և կայունությանը»,-ասաց նա և եզրակացրեց, որ գործ ունեցանք Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրով ամրագրված հարաբերությունների խախտման։

 

«Իսկ պատասխանատվության ենթարկելու առիթ չտեսանք մեր իշխանությունների կողմից: Հայաստանը բաց է թողել այն պահը, երբ կարող էր որպես պահանջատեր հանդես գալ: Ակնհայտ է, որ դա մինչև սեպտեմբերի 3-ն էր: Խնդրում եմ ուշադիր հետևել, թե ուկրաինացիներն ինչպես են իրենց շահերի համար պայքարում»,-նշեց նա։

 

Մեր դիտարկմանը, թե՝ Ասոցացման համաձայնագրով էլ ակնհայտորեն Ղարաբաղի և ՀՀ անվտանգությանը միտված քայլ չէր նախատեսվում, Խաչատուր Քոքոբելյանը համաձայնեց, սակայն ընդգծեց. «Բայց կա մի իրողություն՝ ունենալ ավելի լավ տնտեսություն, ավելի զարգացած երկիր, որի հնարավորությունն, իմ խորին համոզմամբ, կտար Ասոցացման համաձայնագիրը: Հայաստանի և ԼՂ ամենամեծ երաշխավորն, անշուշտ, հեռանկար, զարգացած տնտեսություն ունեցող ՀՀ-ն է միայն, և ժամանակն է, որ բոլորս գիտակցենք, որ ՀՀ-ն է ԼՂ և Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը: Այսքան խճճված տնտեսության համար ես չեմ պատկերացնում զարգացում՝ առանց նոր ռեսուրսների, իսկ դա, ցավոք, ՄՄ-ն չի տալու մեզ: Կապրենք, կտեսնենք»,-եզրափակեց նա:

 

լուսանկարը՝aravot.am-ի