Մաքսային միության ոչ միայն մանրամասները չգիտենք, այլ նաև «խոշոր» մասերը. Լարիսա Ալավերդյան

16:00 • 27.11.13

Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը՝ նշեց, որ քաղաքականության մեջ լավ կամ վատ իրավիճակներ չեն լինում, լինում է այն վատ կամ լավ օգտագործում: 

 

Այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցավ հասարակական-քաղաքական «Հայաստանը փակուղու՞մ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» խորագրով քննարկումը:

 

«Հայտնվել ենք մի վիճակում, որ կասկածամտության հիմքեր ունենք: Ես անհայտ փաստաթղթի մասին կարծիք ի՞նչպես կարող եմ հայտնել, ես դրա համար Մարքսի «Կապիտալն» եմ կարդացել: Մենք Մաքսային միության ոչ միայն մանրամասները չգիտենք, այլ նաև «խոշոր» մասերը, նույնը նաև Ասոցացման համաձայնագրի մասին կարող եմ ասել: Քաղաքացիական հասարակությունը ի վերջո պե՞տք է պարտադրի իշխանությանը, թե՞ մենք մնալու ենք ականատեսի դաշտում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

 

Ինչ վերաբերում է հնչեցվող փաստարկին՝ անվտանգությանը, որը Հայաստանը ձեռք է բերում ՄՄ-ին անդամակցելուց հետո, ապա Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, որ ամենամեծ վտանգն այն է, եթե մենք պաշպանված ենք մի պետությամբ:

 

«Ժամանակն է, որ Հայաստանը ունենա սեփական դիմագիծը, դերակատարումը աշխարհի ու տարածաշրջանային քաղաքականության մեջ: Ոչ թե ուրախանա, որ վերջապես մի երկիր սիրեց իրեն»,-ասաց նա:

 

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ընդգծեց, որ Հայաստանը վարում է բացառապես հայանպաստ քաղաքականություն և հենց այս քաղաքականությունից է բխում Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումը:

 

«Հաճախ մենք շփոթում ենք մեր ընտրած տնտեսական ճանապարհը քաղաքական ճանապարհից: Հնչում են տեսակետներ սուվերենության կորստի մասին: ՀՀ-ն կա, եղել է ու շարունելու է լինել ինքիշխան պետություն, և նրա վարած քաղաքականությունը գնում է ի նպաստ իր շահերին»,-ասաց նա և հորդորեց նաև այս հարցերի շրջանակում չքննարկել Ղարաբաղի հարցը ու այն մանրադրամի չվերածել:

 

Անդրադառնալով հարցին, թե հասարակության համար անհայտ է, թե ինչ փաստաթուղթ է կնքվելու, պատգամավորը նշեց, որ արտաքին քաղաքականութունը հաճախ թույլ չի տալիս, որ մի շարք հարցեր ազատ կերպով ներկայացվեն հանրությանը, բայց ընդգծեց, որ դա ևս երկրի շահերից է բխում:

 

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ պարզ դարձավ երկու բան. «Մենք իրավունք չունենք ընտրել մեր երկրի հեռանկարը՝ թե ում հետ համագործակցել և իրավունք չունենք ընտրելու մեր գործընկերներին: Սա է այն մեսիջը, որը թողել է սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Նաիրա Կարապետյանի այն դիտարկմանը, թե երկրի տնտեսական ու քաղաքական ուղղությունները տարբեր են, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում:

 

«Ասում եք՝ Ղարաբաղի անվտանգության խնդիրները քննարկման առիթ չդարձնել: Բայց ո՞վ չկարողացավ ասել, թե ո՞րն է լինելու մեր տնտեսական շահը, ո՞վ ասաց որ անվտանգության խնդիրն ենք լուծում: Քննարկում ենք այն, ինչ առաջարկել է ՀՀԿ-ն: Մեզ ասվում է, որ դա մեր անվտանգության շահն է, իսկ դա կապված է հենց Ղարաբաղի հարցի հետ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը: