Հայաստանն անդամակցում է ՄՄ-ին ազգային անվտանգության ու տնտեսական շահերից ելնելով. քննարկում
Թեև Հայաստանը որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը, սակայն դա չի խանգարում, որպեսզի իրականացնի Եվրոպական միության հետ ձեռք բերված համաձայնությունները: Այսօր մամուլի ազգային ակումբում կայացած հասարակական-քաղաքական «Հայաստանը փակուղու՞մ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» խորագրով քննարկմանն ասաց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը այսօր շարունակում է մնալ խաչմերուկում: «Հայաստանը որոշում է ընդունել անդամակցել Մաքսային միությանը՝ ելնելով ազգային անվտանգության ու տնտեսական շահերից: Այս հարցը վերաբերում է մեր տնտեսական անվտանգությանը, տարածաշրջանային հացերին»,- ասաց նա:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ընդգծեց, թե վերջապես մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում մեր երկրի համար:
«Անպայման պետք է բարիկադնե՞ր ստեղծենք ու բաժանվենք երկու մասի՞: Առ այսօր չի եղել սառը դատողությամբ քննարկում այս հարցի շուրջ: Իմ կարծիքով, մեր հնարավորությունները սահմանափակ են, քանի որ եթե Հայաստանը չընտրեց Եվրոպայի հետ ասոցացման ճանապարհը, եկեք տեսեք, որ նաև Եվրոպայի մեղքը կա այստեղ: Ինչո՞վ էին եվրոպական կառույցները զբաղված Հայաստանում 22 տարիների ընթացքում: 220 մլն դոլար է ծախսվել, որ կառուցվածքային փոփոխություններ արվեն, բայց կարո՞ղ ենք ասել, որ կառավարման համակարգը դարձել է արդյունավետ»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Եվրոպան քայլ չի արել, որ տնտեսությունը զարգանա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անժելա Խաչատրյանն ընդգծեց, որ այսօր հայ հասարակությունը չի տեսել այն փաստաթուղթը որի տակ պետք է ստորագրի ՀՀ կառավարությունը և դառնա ՄՄ-ի անդամ:
«Ասոցացման համաձայնագրի փաստաթուղթը ևս հայտնի չէր, բայց որոշ դրույթներ հայտնի եղել են, թեկուզ վերլուծության մակարդակով: Այստեղ մենք ակնհայտ առաջընթաց ունենալու էինք, քանի որ խոսվում էր, որ մուտք ենք ունենալու եվրոպական մեծ շուկա, որը մեծ հնարավորություններ է տալիս երկրին: Այսօր Հայաստանը եվրոպական շուկայի հետ ավելի մեծ համագործակցություն ունի, քան Ռուսաստանի հետ»,- ասաց նա:
Ըստ Անժելա Խաչատրյանի Հայաստանը փաստորեն անդամակցում է վերազգային մի մարմնի, որտեղ կայացված բոլոր որոշումները պարտադիր են անդամ բոլոր երկրների համար:
«Փաստորեն նրանք միջամտելու են Հայաստանի ֆինանսատնտեսական ողջ համակարգին: Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա ես չեմ կիսում այն կարծիքը, թե սրանով Հայաստանը ապահովում է իր անվտանգությունը: Ի՞նչ երաշխիքներ կան, որ իշխանությունը առանց քննարկումների, առանց հասարակությանը տեղյակ պահելու, ինչպես դա արվեց ՄՄ-ին անդամակցելու պարագայում, նման կերպ չեն հանձնի Ղարաբաղը»,- ասաց նա:










