Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ Ադրբեջանը լինի իր ազդեցության գոտում. Վ. Հարությունյան

10:39 • 27.11.13

ՀՀ կառավարությունը վերջերս ընդունեց որոշում, ըստ որի՝ ռուսական ռազմակայանի համար նախատեսված տարածքները պետք է ընդլայնվեն: Մասնավորապես մեծացվելու է Գյումրիի 102-րդ ռազմակայանը: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը ռազմակայանն ընդլայնելով, ինչպես նաև Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ:


-Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով Գյումրիի 102-րդ ռազմաբազան ընդլայնելով՝ Ռուսաստանն Ադրբեջանին հասկացնում է, որ չի՞ կարող պատերազմել Հայաստանի ու Արցախի դեմ:

 

-Այո: Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ընդլայնումը կապված է 2010թ. ՀՀ-ի և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում կատարված փոփոխությունների հետ, որով բազայի խնդիրներն ընդլայնվում են: Եթե նախկինում բազան ապահովում էր անվտանգություն նախկին Խորհրդային Միության սահմաններով, ապա հիմա նաև ավելանում է հայ-ադրբեջանական սահմանը, ինչը պահանջում է ուժերի և դրանց տեղակայման տարածքների քանակի ավելացում:

 

-Այսինքն՝ սա արվում է հենց այդ նպատակով: Հակասություն չե՞ք տեսնում, որ մի կողմից Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, մյուս կողմից՝ պաշտպանում է հայ-ադրբեջանական սահմանը:

 

-Ոչ, հակասություն չեմ տեսնում, որովհետև դա նորություն չէ: Ադրբեջանը ունի փող, իր ռազմական բյուջեն կազմում է 3 մլրդ 800 մլն դոլար, և նա այդ գումարով անհրաժեշտ զենք և զինամթերք կարող է գնել այլ երկրներից: Այս պարագայում, ավելի լավ է Ադրբեջանը լինի Ռուսաստանի ազդեցության գոտում, որի շահերից չի բխում պատերազմը, քանի որ նաև ինքն է ապահովում Հայաստանի անվտանգությունը: Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ Ադրբեջանը լինի իր ազդեցության գոտում: Սա է իրականությունը, և սա նորություն չէ: Նույն ԱՄՆ-ն վաճառում է զենք Իսրայելին և արաբական աշխարհին:

 

- Հայաստանում կարծես հակառուսական տրամադրություններն ավելացել են, ինչո՞վ եք դա բացատրում:

 

- Հակառուսական տրամադրությունների աճ չկա, կա լրատվական պատերազմի խորացում: Դա էլ սանձազերծվում է դրսից ֆինանսավորվող ուժերի կողմից, որոնց նպատակն է խոչընդոտել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը` ի շահ Եվրոպայի և ի վնաս Հայաստանի:

 

-Կա մտավախություն, Մաքսային միությունը դառնալու է երկրորդ Խորհրդային Միությունը:

 

-Կարող եմ հստակ ասել՝ Խորհրդային Միությունը չի վերականգնվի անգամ մեծագույն ցանկության դեպքում: Իսկ ինտեգրման կամ հարաբերությունների խորացման մեջ կա տրամաբանություն: Ինչպե՞ս ստացվեց, որ մեր հանրապետության երեք նախագահներն էլ Ռուսաստանի հետ խորը ինտեգրման կողմնակիցներ էին: Ավելին, արել են շատ կոնկրետ քայլեր՝ լինելով տարբեր գաղափարախոսության տեր մարդիկ: Այսինքն՝ այդ ինտեգրումը բխում է Հայաստանի շահերից և օբյեկտիվ բնույթ է կրում: Եթե մենք վստահել ենք մեր անվտանգությունը մի պետության, տնտեսությունը հիմնված է այդ պետության աջակցության վրա, էներգակիրները էժան գներով ստանում ենք նույն այդ պետությունից, ինչը մրցունակ է դարձնում մեր արտադրանքը միջազգային շուկայում, ապա ինչի՞ մասին է խոսքը:



-Վերջերս հրապարակվեց Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝«Սպառազինությունների ինդեքս-2013» զեկույցը, որի համաձայն Հայաստանը աշխարհում 4-րդ ամենառազմականացված երկիրն էր, իսկ Ադրբեջանն այս ցուցակում բավական հետ էր: Ըստ ձեզ՝ սա լա՞վ է, թե՞ վատ, և արդյո՞ք իրականում դա հնարավոր է:

 

-Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, կատարում է միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք սահմանափակում են սպառազինությունների քանակը: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմականացվածության ու ռազմական ծախսերին, ապա այն միջոցները, որ ծախսվում են մեր պետության անվտանգության ապահովման համար, նվազագույնն է Ադրբեջանի կողմից մեզ պարտադրվող սպառազինության մրցավազքի պայմաններում:

 

-Արցախյան պատերազմի վերսկսման հնարավորություններն ինչպե՞ս կգնահատեք սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի՝ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո:

 

-Սեպտեմբերի 3-ից հետո պատերազմի վերսկսման հնարավորությունը կտրուկ նվազել է, և այդ որոշումը ռազմավարական նշանակություն ունի, որը բխում է Հայաստանի ու Արցախի երկարաժամկետ շահերից:

 

-Բայց կրակոցները ադրբեջանական կողմից չեն դադարում, վերջերս էլ Տավուշում կրակ էին բացել քաղաքացիական մեքենայի վրա:

 

-Դա այլ հարց է, այստեղ Ադրբեջանն իր նպատակներն է հետապնդում, որպեսզի վախի մթնոլորտ ձևավորի, որին աջակցում են նաև տարբեր ԶԼՄ-ներ: Վախի մթնոլորտ ստեղծելով՝ փորձում է ճնշումների ենթարկել Հայաստանին, որ վերջինս զիջումների գնա բանակցային գործընթացում:

 

-Օրեր առաջ Ադրբեջանն էլ հայտարարեց, որ հրաժարվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Արդյոք սա չի՞ նշանակում, որ մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, ի տարբերություն օրինակ Վրաստանի, որը դեռևս գնում է ԵՄ-ի հետ ասոցացման:

 

-Խնդիրը նրանում չէ, թե ուր ես գնում, այլ՝ ուր ես հասնելու: Տարբեր պետություններ ձգտում են ՆԱՏՕ-ի, Եվրոպական միության անդամ դառնալ, բայց եվրոպացիները հստակ ասել են, որ մոտակա 50 տարիներին ԵՄ-ն չի ընդլայնվելու: Ես չգիտեմ, թե այդ դեպքում ինչ նպատակներ են հետապնդում այն պետությունները, որ գնում են դեպի ԵՄ: Եվ հետո, Հայաստանը չի հրաժարվել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: ԵՄ-ն է դրել «կամ,կամ»-ի հարց: Հայաստանն այսօր էլ պատրաստ է նախաստորագրել: Բայց Եվրոպան հետապնդում է ոչ թե Հայաստանի զարգացման խնդիրը, այլ փորձում է կասեցնել Ռուսաստանի ու ՄՄ-ի հետ ինտեգրումը, ինչը հակասում է իրենց տնտեսական շահերին: