Ծրագրավորողներն ի նշան բողոքի մկնիկներ «նվիրեցին» Ազգային ժողովին (լուսանկարներ)
Մի խումբ ծրագրավորողներ այսօր ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացրին` դեմ արտահայտվելով պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգին: Նրանք իրենց համակարգիչների մկնիկները քարշ տալով տարան և գցեցին ԱԺ-ի դարպասների մոտ, որոշներն էլ կապեցին մկնիկները դարպասի ճաղերից:
«Սա բողոքի ձևա, Ազգային ժողովի նիստին համարժեք մկների ժողով ա կազմակերպվել ու համաձայնվեք, որ այս մկները ավելի պակաս հարցեր չեն լուծի, քան Ազգային ժողովում, որտեղ, ինչպես ասում են, մուկ են տշում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մի ծրագրավորող:
Մինչ ակցիայի մասնակիցները տեղավորում էին իրենց մկներին ԱԺ-ի տարածքում, ոստիկանները փորձեցին միջամտել՝ պատճառաբանելով, որ վերջիններիս գործողություններն օրինաչափ չեն, սակայն ակցիան իրականացնողները թողեցին իրենց մկնիկներն այնտեղ և հեռացան:
Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
.jpg)











