Լուսակերտի թռչնաֆաբրիկայի վարչական շենքում 5 օր անազատության մեջ ապօրինաբար պահել են 6 անձի

18:21 • 27.11.13

ԱԺ նախկին պատգամավորին («Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահ  Խաչիկ Մանուկյան) պատկանող ընկերության վարչական շենքում 6 անձի ազատությունից ապօրինի զրկել են: Այսօր նման վերտառությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:



ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաքննությամբ պարզվել է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը հասցված գույքային վնասի վերաբերյալ հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ և հատուցում ստանալու նպատակով նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում, որտեղ գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու և գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր:

 

Վասպուրակ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Tert.am-ի հետ զրույցում, սակայն, Խաչիկ Մանուկյանն ասաց, թե այն ինչ գրված է, ճիշտ չէ: «Ուղղակի քննություն է գնում ու վերջ»,-եզրափակեց նախկին պատգամավորը: