Լիտվայի իշխանությունները պատրաստվում են խստացնել ռուսական հեռուստատեսության հաղորդումների վերահսկողությունը
Լիտվայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հանձնաժողովն իր ուշադրությունը կուղղի ռուսական հեռուսատեսության՝ Լիտվայում վերահեռարձակվող հաղորդումներին, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով BNS-ին:
Հանձնաժողովը նաև առաջարկում է հաղորդումների լիտվացի վերահեռարձակողներին ավելի պատասխանատու կերպով հետևել հաղորդումների բովանդակությանը:
Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հանձնաժողովը տարածել է այս հայտարարությունը երկուշաբթի օրը ռուսական НТВ հեռուստաալիքի հեռարձակած հաղորդումից հետո, որտեղ, հանձնաժողովի կարծիքով, ներկայացված են եղել միակողմանի տեղեկություններ Լիտվայի պետանվտանգության դեպարտամենտի աշխատակիցների գործունեության մասին:
Ինչպես հաղորդել է 15min.it պորտալը, երկուշաբթի ռուսական НТВ հեռուստաալիքով ցուցադրվել է մի հաղորդում, որտեղ կինը, որը ներկայացվել է որպես նախկին մարմնավաճառ, մեղադրել է Լիտվայի պետանվտանգության դեպարտամենտին լիտվացի ղեկավարների, քաղաքական գործիչների, գործարարների և չինովնիկների մասին վարկաբեկող տեղեկություններ հավաքելու համար:










